
Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից
Հայաստանի մարզերում, ըստ Կադաստրի հուլիս ամսվա վերլուծության, բնակարանների գները մնացել են գրեթե նույն մակարդակին․ հունիսի համեմատ միջին գնանկումը կազմել է չնչին 1%, իսկ 2019-ի հուլիսի համեմատ եղել է 2․5% գնաճ։ Հետաքրքիր է, որ, կախված մարզից ու քաղաքից, գնային տատանումները խիստ տարբեր են։ Քաղաքների մի մասում անցյալ տարվա հուլիսի համեմատ կա 10%-ից ավելի գնանկում, մի մասում էլ՝ ընդհուպ մինչև 16%-ի գնաճ։ Ներկայացնենք մի քանի տվյալ․ 2019թ․ հուլիսի համեմատ այս հուլիսին բնակարանների միջին գներն ամենաշատը աճել են Մասիս քաղաքում (16․6%), ապա Արտաշատում (13.1%) ու Վաղարշապատում (12.1%): Ինչպես միշտ, բնակարանների ընդհանուր գնաճ կա Կոտայքի մարզի գրեթե բոլոր քաղաքներում ու քաղաքատիպ ավաններում, մասնավորապես՝ Աբովյանում, Բյուրեղավանում ու Չարենցավանում։ Մի հետաքրքրական փաստ, բնակարանների գինն ամենից շատ ընկել է Ջերմուկում (-12.2%): Եվ ընդհանրապես, Վայոց ձորի բոլոր բնակավայրերում է նկատելի գնանկումը։ Գրեթե նույն պատկերն է նաև Լոռիում, որտեղ բացի Վանաձորից, մնացած քաղաքներում ու ավաններում հուլիսին նկատվել է բնակարանների գների թեկուզ չնչին, բայց համատարած անկում։
Մանրամասները՝ պաշտոնական տեղեկատուում (Էջ 38-39, Աղյուսակ 3.6-3)։