Երեվանի վարձակալությամբ տրվող բնակարանների գները կիսով չափ ընկել են

Ինչպեսև կանխատեսվում էր, համավարակով ու տուրիզմի ճգնաժամով պայմանավորված, այս տարի ՀՀ վարձակալական շուկայում առաջացել են լուրջ դժվարություններ։

Գործարքների քանակը, մասնավորապես Երևանում, 1-ին կիսամյակին նվազել է մոտ 14%-ով։ «Ռեդ Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանի բնորոշմամբ վարձակալական շուկան այժմ խորը հանգստի մեջ է։ Մայրաքաղաքի կենտրոնում վարձակալությամբ տրվող բնակարանների մոտ 80%-ը օրավարձով տրվող բնակարաններն էին, մնացած 20%-ը` երկարաժամկետ: Առաջինների դեպքում գների մասին ոչինչ հնարավոր չէ ասել, քանի որ դրանք պարզապես չեն հանձնվում այն պարզ պատճառով, որ երկրում զբոսաշրջիկներ չկան, իսկ երկրորդների դեպքում՝ գները նվազել են առնվազն կիսով չափ։ Պատճառն այն է, որ շուկայի այս հատվածում մի կողմից օբյեկտիվորեն պահանջարկն է պակասել, մյուս կողմից էլ օրավարձով հատվածի մի մասը տեղափոխվել է այստեղ՝ ստեղծելով առաջարկի մի քանի անգամով ավելցուկ։ «Երբ վարձակալությամբ բնակարան հանձնողները փորձում են տեղեկանալ, թե ինչ գնով կարող են հանձնել դրանք, մենք միանշանակ խորհուրդ ենք տալիս՝ հանձնել այնքանով, որքանով որ գնորդը պատրաստ է վճարել։ Ընդ որում դա վերաբում է թեˊ Կենտրոնի, թեˊ մյուս հատվածների բնակարաններին», ասում է Ա․ Ավետիսյանը։ Ստեղծված իրավիճակը, սակայն, ըստ նրա, ժամանակավոր բնույթ է կրում․ այն պահին, երբ համավարակը հաղթահարվի ու տուրիզմը աշխուժանա, վարձակալության գները շատ արագ կբարձրանան ու կհասնեն համավարակից առաջ գոյություն ունեցող գներին։ Ինչ վերաբերում է առևտրային ու գրասենյակային տարածքներին, «Ռեդ Գրուպի» մեկ այլ փորձագետի՝ բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանի բնորոշմամբ, շնորհիվ սեփականատերերի տոլերանտ, գրագետ ու վարձակալի հետ համագործակցող մոտեցման, գներն այս հատվածում այդքան էական փոփոխության չենթարկվեցին, շուկայում էքսցեսներ չեղան ու հարաբերական կայունությունը պահպանվեց։ Ստորև ներկայացված աղյուսակում Երևան քաղաքի հասարակական նշանակության շինությունների վարձավճարների միջինացված գներն են՝ 1քմ հաշվարկով (ըստ Կադաստրի 2020 կիսամյակային վերլուծության)։

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Համավարակը չկարողացավ կասեցնել բնակարանների գների աճը