Ինչպե՞ս գնել սեփական տուն

Նախքան սեփական տուն գնելը, անհրաժեշտ է հստակեցնել գնման նպատակը և այն գումարի չափը, որը պատրաստվում եք վճարել:

Ինչպես բնակարանի, այնպես էլ առանձնատան ձեռքբերումը հնարավոր է կատարել միանվագ վճարման միջոցով կամ էլ անկանխիկ: Առաջին դեպքում նախքան առքուվաճառքի պայմանագիր կնքելը, գնորդը վաճառողին է փոխանցում նախապես որոշված չափով կանխավճար, որպես գործարքի կնքման երաշխիք, այնուհետ կողմերի փոխադարձ համաձայնությամբ կնքվում է բուն վաճառքի պայմանագիրը:

Անկանխիկ ձեռքբերման եղանակներից է հիփոթեքային վարկի տրամադրումը: Այսօր գրեթե բոլոր բանկերն էլ առաջարկում են հիփոթեքով գնման տարբերակներ, ուստի կարիք չկա սպասել բավարար գումարի կուտակմանը:

Ինչպե՞ս գտնել սեփական տուն

Անշարժ գույքի ձեռքբերման ժամանակ հարկավոր է զինվել համբերությամբ, քանի որ շահավետ գործարքի իրականացումը կպահանջի երկար ժամանակ և մեծ ջանքեր:

Թերևս ամենտարածված եղանակներից է համացանցում համապատասխան կայքերում առաջարկների որոնումը: Որպես կանոն, բոլոր դեպքերում առաջին քայլը սկսվում է հենց այստեղից:

Սակայն անշարժ գույքի ձեռքբերման ընթացքում մի շարք սխալներից և բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում դիմել համապատասխան մասնագետների՝ ռիելթորների օգնությանը: Նման ընկերությունները նախևառաջ տրամադրում են  խորհրդատվություն, պատրաստում առավել հարմար առաջարկներ, և ի վերջո, օգնում են գնորդին զերծ մնալ լուրջ սխալներից և չտուժել գործարքներում:

Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել տունը նայելիս

Նախքան սեփական տան ընտրության գործընթացը սկսելը գնորդը պետք է հստակ պատկերացում ունենա մի շարք կարևոր հարցերի պատասխանների վերաբերյալ: Դրանցից են՝ սեփական տան տեղադիրքը, հողամասի առկայությունը, հարկերի քանակը, վիճակը և այլն:

Ուշադրությու՛ն, Առանձնատուն գնելու համար հարմար են տարվա բոլոր եղանակները, սակայն աշնան-ձմռան շրջանում ավելի հեշտ է նկատել շինության թերությունները:

Տարածքի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել տրանսպորտային հանգույցներին դրա հասանելիությունը, ճանապարհների վիճակը, մոտակայքում ենթակառուցվածքների առկայությունը (դպրոց, բանկ, սպասարկման կենտրոններ), շրջական միջավայրի աղտոտվածությունը, աղմուկի մակարդակը: Ինչպես նաև ցանկալի չէ ընտրել սեփական տուն, որը կառուցված է հենց ճանապարհի վրա. այս դեպքում օպտիմալ է ճանապարհից գոնե 5 մ հեռավորության առկայությունը:

Մյուս կարևոր պայմաններից է այն, որ շինությունը հողի մակարդակից բարձր լինի նվազագույնը 0.5 մ-ով, ինչի հետևանքով կարելի է խուսափել խոնավությունից: Հատկապես գյուղական, ամառանաոցային բնակավայրերում խոնավության վտանգ ունեն նաև գոգավորության վրա կառուցված տները, որոնց մի մասը մխրճված է հողի մեջ։

Հարկավոր է ուշադրություն դարձնել սեփական տան կոնստրուկցիայի վրա՝ ինչից է այն կառուցված, հիմքի առկայությունը և խորությունը, սեյսմակայունությունը, տանիքի ամրության աստիճանը: 

Սեփական տան ձեռքբերման առաջնային նպատակներից է հողամասի առկայությունը և հանգիստ միջավայրը: Եթե տունը չունի կամ չի կարող ունենալ հողմաս, ապա դա լուրջ թերություն կարող է հանդիսանալ: Կարևոր է նաև պատկից հարևան շինությունների գոյության փաստը, ինչը նվազեցնում է առանձնատան ձայնա և ջերմամկերուսացման աստիճանը:

Ոչ պակաս կարևոր փաստ է շատ պատուհանների առկայությունը, բնական և ճիշտ լուսավորվածության աստիճանը, սենյակների հարմարավետ դասավորվածությունը, աստիճանավանդակի առկայությունը տան ներսում և այլն:

Ի՞նչ անհրաժեշտ փաստաթղթեր պետք է ունենա սեփական տունը

Սեփական տունը նախ պետք է գրանցված լինի անշարժ գույքի պետական կադաստրում և ունենա սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական: Գործարքներ կատարելիս անհրաժեշտության դեպքում պետք է ունենալ նաև սեփականության վկայականի տրման հիմքերի փաստաթղթերը՝ սեփականաշնորհման որոշումներ, առքուվաճառքի, նվիրատվության պայմանագիր, ժառանգության իրավունքի վկայագրիր, դատարանի վճիռներ և այլն:

Գոյություն ունի նաև միասնական տեղեկանք կադաստրից գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ:

Եթե սեփական տունը պատկանում է որևէ կազմակերպության, ապա գործարք կատարելիս պետք է ներկայացնել տվյալ ընկերության ռեկվիզիտները ևս:

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում