Հիփոթեքային վարկի ձեվակերպումը Հայաստանում 2019 թ.

Հայաստանում անշարժ գույքի շուկան ակտիվ է, իսկ հիփոթեքի շուկան՝ առավել քան։ Ինչպես փաստում է վիճակագրությունը, 2019 թ. փետրվարին 2018 թ․ փետրվարի համեմատությամբ ՀՀ-ում հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100%-ով: Իսկ երկրի ընդհանուր վարկավորման ծավալում հիփոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30%-ով։

Մասնագետների գնահատմամբ՝ ՀՀ բանկերում ու վարկային կազմակերպություններում հիփոթեքային վարկավորման այս աննախադեպ աճը պայմանավորված է նաև հիփոթեքի պայմանների բարելավման, այդ թվում՝ վարկի ձևակերպման գործընթացի տարեցտարի պարզեցման հետ։

Այսպիսով, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով է ձևակերպվում հիփոթեքային վարկը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիփոթեքային վարկի ձևակերպման համար։

Բնակելի տների եվ բնակարանների հիփոթեքային վարկի ձեվակերպման պայմանները

Եթե որոշել եք հիփոթեքային վարկ ձևակերպել, նախ պետք է սկսեք բանկի ընտրությունից, տեղեկանաք տրամադրվող տոկոսադրույքների և այլ պայմանների մասին: Կամ պարզապես դիմեք պրոֆեսիոնալ ռիելթորի, ով քաջատեղյակ է ոլորտից, գիտի որ բանկն ընտրել և, առհասարակ, ինչպես կազմակերպել հիփոթեքային վարկի ողջ գործընթացը:

Նշենք, որ վերջին տարիներին հիփոթեքային վարկի ձևակերպումը բավական հեշտացել և ավելի հասանելի է դարձել բնակչության լայն հատվածների համար: Ներկայացնենք որոշ մանրամասներ դրա ուղղությունների և ձևակերպման մասին:

Գործում են հիփոթեքի մի քանի հնարավորություններ․

Տարբերակ 1. Եթե գնում եք բնակարան նորակառույց շենքում, անմիջապես կառուցապատողից, որի արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը, ապա ըստ «Եկամտահարկի վերադարձի մասին» օրենքի՝ հիփոթեքի տոկոսները վերադարձվում են եկամտային հարկից: Փաստաթղթերը մեկ անգամ ներկայացվում են Հարկային տեսչություն, որից հետո եռամսյակը մեկ անգամ բանկից և գործատուից վճարման տեղեկանքներ են ներկայացվում հարկային մարմին։ Այս դեպքում հնարավոր է վարկ վերցնել ցանկացած բանկից՝ ժամկետների ու տոկոսադրույքների չնչին տարբերություններով։ Հավելենք, որ ցանկացած քաղաքացի միայն մեկ անգամ կարող է օգտվել այս վարկատեսակից:

Տարբերակ 2. Եթե գնում եք բնակարան, որի արժեքը չի գերազանցում 25 մլն դրամը, ապա կարող եք օգտվել «Բնակարան երիտասարդներին» ծրագրից։ Այն վերաֆինանսավորվում է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից: Մանրամասների մասին proinfo.am-ը կանդրադառնա առանձին վերլուծությունով։

Մատչելի վարկեր է տրամադրում նաև ազգային հիփոթեքային ընկերությունը։ Ընդհանուր առմամբ շուկայում նկատվում է տոկոսադրույքների անկում, քանի որ բանկերի շրջանում կա մեծ մրցակցություն, իսկ շուկայում՝ աճող պահանջարկ։

Մի շատ կարևոր հանգամանք․ կախված հիփոթեքի տեսակից՝ կան վարկառուի եկամտի հաշվարկման մի քանի գործակիցներ, որոնք կիրառվում են վարկը ձևակերպելիս՝

  1. PTI, երբ վարկառուի ամսական վարկի մարման ծավալը պետք է չգերազանցի եկամտի 35%-ը,
  2. OTI՝ բոլոր ֆինանսական պարտավորությունների տեսակարար կշիռը չպիտի գերացանզի եկամտի 45%-ը,
  3. LTV՝ վարկ-գրավ հարաբերակցությունը, որի դեպքում վարկը չպիտի գերազանցի գույքի արժեքի 70%-ը:

Սրանք բազային գործակիցներ են, որոնք ընդհանուր կարգով կիրառվում են հաճախորդի վարկունակության հաշվման ընթացքում։ Բայց կան նաև բանկեր, որոնք ունեն վարկունակության գնահատման այլ մեխանիզմներ և գործիքներ ևս։

Երիտասարդ ընտանիքներին հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանները

Վերջերս ՀՀ Կառավարությունը հաստատեց 2010 թ․ հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» նախագծում փոփոխություններ իրականացնելու նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների՝ այժմ արդեն բնակարան կարելի է ձեռք բերել 7,5%-ով, նախկին՝ 9,5%-ի փոխարեն։ Հիշեցնենք, որ 7․5%-ից 2%-ն էլ սուբսիդավորվում է պետության կողմից, ինչը նշանակում է, որ այս ծրագրով վարկառուի վրա մնում է միջինը 5,5% սպասարկումը: Ամուսինների տարիքային հանրագումարի շեմը 65-ից բարձրացվել է մինչև 70-ի, իսկ նրանցից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարեկան լինելու սահմանափակումը հանվել է: Բարձրացվել է նաև բնակարանի արժեքի շեմը, այժմ արդեն երիտասարդ ընտանիքը կարող է ձեռք բերել 30 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարան` նախկին 25 մլն-ի փոխարեն: Մասնագետների գնահատմամբ, չի բացառվում, որ այս բարելավումները հանգեցնեն բումի հիփոթեքի շուկայում։

Ի՞նչ փաստաթղթեր են անհարժեշտ հիփոթեքային վարկի ձեվակերպման համար

Հիփոթեքային վարկի ձևակերպումը ունի բազմաթիվ նրբություններ՝ կապված փաստաթղթերի պատրաստման, գրավի գրանցման և բուն պայմանագրի կնքման հետ: Պայմանագրում նշված են լինում կողմերի անունները, բնակության վայրերը, ինչպես նաև հիփոթեքի առարկան և այլ մանրամասներ: Այն վավերացվում է նոտարական կարգով: Իսկ ինչ վերաբերում է փաստաթղթերին, ապա հիփոթեքային վարկ ձևակերպելիս պահանջվում են մի շարք պարտադիր և հավելյալ փաստաթղթեր: Պարտադիրներն են՝

  • վարկառուի և համավարկառուի (առկայության դեպքում) անձնագիր,
  • սեփականության վկայական,
  • վաճառողների անձնագրեր,
  • բնակարանի ձեռքբերման հիմք, եկամտի մասին տեղեկանք,
  • վարկային պատմության հարցում,
  • եթե վարկը հաստատվում է՝ միասնական տեղեկանքի փաստաթուղթ, որպեսզի կնքվի գրավի և ձեռքբերման պայմանագիր:

Հավելյալ փաստաթղթերի հստակ ցանկ չկա, քանի որ դրանք կախված են տվյալ բանկից, վարկառուի կամ վաճառվող գույքի հետ կապված հատուկ դեպքերից և այլ հանգամանքներից։

Ի դեպ, ՀՀ նոր կառավարության շահագրգիռ մոտեցումից ելնելով, չի բացառվում, որ 2019 թ. հիփոթեքային վարկի ձևակերպումը Հայաստանում էլ ավելի դյուրին ու մատչելի դառնա՝ ընդգրկելով բնակչության ավելի լայն շերտերի։

Կարդալ ավելին

Անշարժ գույքի շուկայում կայունություն է, իսկ հիփոթեքի շուկայում՝ ակտիվություն

Բնակարանների պահանջարկ կա ու դեռ լինելու է առաջիկա 3-5 տարում ու առնվազն Երևանում

Ինչպե՞ս գնել սեփական տուն