Հայկական թավշյա հեղափոխությունն ու Հայաստանի անշարժ գույքի շուկայի «թավշյա վարքագիծը»

Եթե բնութագրենք Հայաստանի անշարժ գույքի շուկայի արձագանքը ապրիլ-մայիսյան հայկական թավշյա հեղափոխությանը, ապա պատկերավոր կարող ենք բնութագրել նույն կերպ՝ «թավշյա»։

Ընդհանրապես թեˊ տնտեսագիտական, թեˊ քաղաքագիտական օրինաչափություններով ցանկացած քաղաքական իրադարձություն ցանկացած երկրում անմիջապես անդրադառնում է տնտեսության վրա (բացասական իմաստով), տեղի են ունենում վայրիվերումներ (գների կտրուկ աճ, դեֆիցիտ, ազգային արժութի արժեզրում և այլն), հաճախ էլ՝ տնտեսական կոլապս։

Այս առումով ամենազգայունը թերևս անշարժ գույքի ոլորտն է։ Վերջինիս զգայունությունը քաղաքական իրավիճակների նկատմամբ ընդհանուր առմամբ բացատրելի է: Խոշոր գնումների կամ գործարքների դեպքում անորոշությունն ու ապագայի նկատմամբ մտահոգությունները մարդկանց դարձնում են ավելի զգուշավոր, շատերը հետաձգում են իրենց գործարքները։ Այդպես եղել է գրեթե բոլոր երկրներում, գրեթե բոլոր քաղաքական ցնցումների ու կտրուկ փոփոխությունների դեպքում։ Իսկ Հայաստանում, ինչպես ունիկալ էր հեղափոխությունը՝ ոչ բռնի ու անցնցում, այնպես էլ՝ տնտեսության ու, մասնավորապես, անշարժ գույքի շուկայի արձագանքը դրան։

Այդ մասին հայտարարեց նաև ՀՀ վարչապետը ս․թ․ օգոստոսի 17-ի նոր կառավարության 100 օրվան նվիրված հանրահավաքին՝ հիմնվելով վիճակագրական տվյալների վրա։ Նրա և կառավարության մյուս անդամների կողմից բազմիցս է փաստվել, որ անշարժ գույքի շուկան կայուն է ու անգամ նկատվել է ընդհանուր առմամբ 20%-ից ավել աճ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Անշարժ գույքի գործարքների թվի աճ՝ 2018 թ․ 1-ին կիսամյակում

Այսպիսով, ինչ է փաստում վիճակագրությունը, ի մասնավորի ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (ԱԳԿՊԿ) պարբերական վերլուծությունները։

Ըստ ԱԳԿՊԿ հրապարակած վերլուծության 2018 թ․ 2-րդ եռամսյակում, երբ քաղաքական իրադարձությունները հաջորդում էին մեկը մյուսին, նախորդ տարվա համեմատ Հայաստանում գրանցվել է 21.6%-ով ավելի գործարք։ Ընդ որում 2010 թ․-ից սկսած այս ժամանակահատվածում դրանից մի փոքր բարձր ցուցանիշ գրանցվել է միայն 2011 թ․-ին (ընդամենը 230 գործարքով ավել)։ Իսկ ահա 2018 թ․1-ին կիսամյակում այդ ցուցանիշը ռեկորդային է 2010 թ․-ից այս ի վեր՝ 76․010 գործարք, (ի դեպ, 2011 թ․-ին այդ նույն ժամանակահատվածում եղել է 72.530 (տես՝ աղյուսակ 1)։

Ընդհանրապես գործարքների մեջ ամենամեծ տեղը զբաղեցնում են օտարման գործարքները, որոնց բոլոր տեսակների մասով նկատելի է աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (բնակարան, սեփական տուն, հասարակական նշ․ շինություն, ավտոտնակ, հող), միայն արտադրական նշանակության շենքերի դեպքում է նկատվել նվազում՝ մոտ 35%-ով։ Այսինքն, այնուամենայնիվ, բիզնես հատվածն ու ներդրողները որոշ զգուշավորություն ցուցաբերել են ու դեռ ցուցաբերում են, ի տարբերություն անհատ քաղաքացիների։ Հակառակ պարագայում շուկայի բացարձակ անտարբերությունը քաղաքական իրադարձությունների նկատմամբ կդիտարկվեր որպես ոչ նորմալ։

Գրեթե նույն պատկերն է նաև առքուվաճառքի գործարքների դեպքում: Ի դեպ, առքուվաճառքի գործարքների թվի աճի ամենաբարձր տոկոսաչափը գրանցվել է Երևան քաղաքում՝ 39%, իսկ ամենացածրը՝ Վայոց ձորի մարզում՝ մոտ 2% (տես աղյուսակ 2):

Աճել են նաև շուկայական միջին գները՝ 1 քմ հաշվարկով։ Այսպես, Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի գները այս տարվա հուլիս ամսին 2017 թ․հուլիսի համեմատ աճել են մոտ 10%-ով, իսկ հունիսի համեմատ՝ մոտ 1%-ով (ըստ Կադաստրի պետկոմի անշարժ գույքի շուկայի 2018 թ․ 1-ին կիսամյակի ու հունիս ամսվա հրապարակված վերլուծության)։ Իսկ ընդհանուր առմամբ 2018 թ․1-ին կիսամյակում 2017 թ․-ի նույն ժամանակաշրջանի համեմատ բազաբնակարան շենքերում բնակարանների վաճառքներն ավելացել են ամբողջ 29%-ով` հանրապետության մասշտաբով և 27,5%-ով՝ Երևանում։

Անշարժ գույքի գները Երևանում և Հայաստանում հեղափոխությունից հետո

Ռիելթորական ընկերությունների ու ԱԳԿՊԿ հրապարակած վերլուծության համաձայն, անշարժ գույքի հետհեղափոխական շուկան գների առումով ևս կտրուկ տատանումներ չցուցաբերեց։ Սպասելիքները, թե գները կընկնեն, չիրականացան, դեռ մի բան էլ ավելին՝ նկատվեց որոշակի բարձրացում։

Այսպես, նույն ԱԳԿՊԿ տվյալներով, 2018 թ․ 1-ին կիսամյակում Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ հաշվարկով շուկայական միջին գները 2017 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 5%-ով, 1-ին կիսամյակի համեմատ՝ ավելի քան 5%-ով։

Գների կայունությունը կամ մի փոքր աճը մասնագետները բացատրում են մի քանի հանգամանքով՝ լիարժեքորեն ուժի մեջ մտած դեռ 2017 թ․ ընդունված Եկամտահարկի վերադարձի մասին օրենքով, որն իր ետևից բերեց նորակառույցների առաջնային շուկայում բնակարանների մեծ պահանջարկ, հիփոթեքի շուկայի ակտիվացմամբ, ինչպես նաև՝ հեղափոխության ու դրան հաջորդող բարեփոխումների ֆոնի վրա ձևավորված դրական սպասելիքներով Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ, ինչպես նաև՝ հնարավոր ներգաղթի մասին հեղափոխական հայտարարություններով ու կանխատեսումներով։

Եվ եթե ամեն ինչ ընթանա դրական դինամիկայով, բացառվեն հետագա ցնցումները, ներքաղաքական սրացումները, իրականություն դառնան ՀՀ Կառավարության տնտեսական աճի վերաբերյալ հավաստիացումները, ապա, մասնագետները չեն բացառում, որ մինչև տարեվերջ գների աճը կշարունակվի ու 2018 թ․ 2-րդ կիսամյակը ևս Հայաստանի անշարժ գույքի շուկան կփակի դրական դինամիկայով։