Հանդիպում կադաստրի պետկոմում․ օրենսդրական բացերից, սև ռիելթորներից մինչև «փախչող գնորդներ»

Օրերս ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի և անշարժ գույքի ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվեցին ոլորտի հրատապ խնդիրները, մասնավորապես՝ ապօրինի դաշտում աշխատող և հարկեր չվճարող ռիելթորների գործունեությունը։ Անշարժ գույքի գործակալները նշեցին, որ «փախչող գնորդների», օրենսդրական բացերի հետ կապված խնդիրներից բացի շատ կարևոր են համարում Հայաստանում «սև ռիելթորների» գործունեությունը։ Վերջիններս աշխատում են ապօրինի դաշտում, հարկեր չեն վճարում, գովազդի ծախսեր չեն կատարում, գործարքները կնքում են խիստ ցածր գներով, չունեն բարձր որակավորում։

Սարհատ Պետրոսյանը նշեց, որ կոմիտեի խնդիրը ոչ թե մրցակիցներին շուկայից հանելն է, այլ շուկան զարգացնելը։ Նա հավաստիացրեց, որ ոլորտը պետք է մաքրել անբարեխիղճ մրցակիցներից, բայց նպատակը պետք է լինի լուծում գտնելը՝ ինչպես անել, որ ռիելթորների բիզնեսը ծաղկի, իսկ քաղաքացին պատահական մարդու ձեռքը չընկնի։ Ս․ Պետրոսյանի կարծիքով անշարժ գույքի ոլորտի կարգավորումն ու զարգացումը կարող է լինել երկու եղանակով՝ պետության մասնակցության մեծացում ոլորտի գործընթացներին կամ ինքնակարգավորում՝ պետության հետ համագործակցությամբ։ Ռիելթորներն էլ իրենց հերթին ներկայացրեցին մի քանի առաջարկություններ՝ «օրինական գործակալների» սոցհարթակ վարելուց, Կադաստրի տեղեկանքների վճարումների պակասեցումից մինչև կոնկրետ «նուրբ սողանցքների» կամ վրիպակների վերացում։

Կոմիտեի ղեկավարը հավաստիացրեց, բարձրացված խնդիրների լուծման շուրջ կմտածեն, կքննարկեն, կգտնվեն համապատասխան լուծումներ։ Կարևորելով շուկան կարգավորողի՝ կադաստրի կոմիտեի, ու շուկայի խաղացողների՝ ռիելթորների միջև համագործակցությունը, որոշվեց, որ նմանատիպ հանդիպումները կլինեն պարբերական։

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում