Առքուվաճառքի ձևակերպման գործընթացը Հայաստանում

Անշարժ գույքի առքուվաճառքը ռիսկային գործընթաց է, եթե չունեք ոլորտին առնչվող իրավաբանական և այլ գիտելիքներ: Այս պարագայում խորհուրդ է տրվում դիմել գործակալությունների կամ անհատ ռիելթորի ծառայությանը. այդ կերպ կպակասեն ռիսկերը և սխալվելու հավանականությունը: Առքուվաճառքի բարդ, պատասխանատու գործընթացը՝ փաստաթղթային ձևակերպման բազմաթիվ գործողություններով, անշարժ գույքի գործակալը վերցնում է իր վրա և վարում այն ի նպաստ գնորդի:

Անշարժ գույքի առքուվաճառքի գործընթացի մեկնարկը

Հայաստանում անշարժ գույքի առքուվաճառքի ձևակերպման գործընթացը սկսում է այն պահից, երբ գնորդը և վաճառողը գալիս են ընդհանուր հայտարարի: Այն տեղի է ունենում երկու փուլով՝ վավերացում և գրանցում: Մինչև առքուվաճառքի գործընթացի մեկնարկը ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (ԱԳԿՊԿ) տրամադրում է միասնական տեղեկանքի փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկատվություն է տվյալ գույքի հետ կապված առկա արգելանքների և գրավների վերաբերյալ: Սա այն միակ փաստաթուղթն է, որի առկայության դեպքում միայն նոտարական գրասենյակը կամ ԱԳԿՊԿ համապատասխան բաժանմունքը կարող են վավերացնել գործարքը: Եթե տվյալ անշարժ գույքի համար օտարման վաճառքի սահմանափակումներ չկան, սկսվում է վավերացման գործընթացը:

Անշարժ գույքի վավերացման գործընթացը Հայաստանում

Վավերացումը պետության կողմից լիազորված մարմնի՝ նոտարի կամ ԱԳԿՊԿ իրավախորհրդատուի կողմից հավաստումն ու ամրագրումն է առ այն, որ տվյալ պայմանագիրը կնքված է օրենքի սահմաններում և կողմերը իրենց կամքով են ստորագրում:
Վավերացման գործընթացը մեր երկրում տեղի է ունենում երկու տարբերակով: Եթե գործարքը հեշտ է, այսինքն՝չկա լիազորագիր կամ երրորդ կողմ՝ բանկ, լիազորված անձ, իսկ գնումը կատարվում է կանխիկ եղանակով, ապա վավերացումը կարող է տեղի ունենալ կա՛մ նոտարական գրասենյակում, կա՛մ ԱԳԿՊԿ-ում: Վերջերս օրենքի ուժով ամրագրվեց, որ նմանատիպ՝ ոչ բարդ փաստաթղթավորում ունեցող գործարքների վավերացումը կարող է կատարվել միայն կադաստրում: Սրա առավելությունն այն է, որ հենց այստեղ էլ տրվում է պետական գրանցում և հավելյալ նոտարական ծախսեր չեն արվում: Երբեմն փաստաթղթերը հավելյալ պետական ատյանում ունենալու համար կողմերը որոշում են մի փոքր գումար ծախսել և նույն գործընթացն իրականացնել նաև նոտարական գրասենյակում:
Վավերացման երկրորդ՝ բարդ փաստաթղթավորում ունեցող տարբերակը (երբ գործարքը լիազորագրով է ընթանում կամ հիփոթեքային է) կատարվում է միայն նոտարական գրասենյակում, իսկ պետական գրանցումը՝ Կադաստրի կոմիտեում:

Անշարժ գույքի գրանցման գործընթացը Հայաստանում

Վավերացմանը հաջորդում է պետական գրանցման փուլը: Սա իրենից ներկայացնում է պետական գրանցամատյանում տվյալների ամրագրում է, որն իրավասու է իրականացնել միայն ԱԳԿՊԿ -ն:
Պայմանագրի համաձայն, վավերացումից 30 օր անց գնող կողմը կարող է դիմել կադաստրի պետական կոմիտե՝ սեփականությունը գրանցելու նպատակով: Դիմելու պահից սկսած գործում է ընթացակարգ, ըստ որի դիմումի ներկայացման 4-րդ օրը ԱԳԿՊԿ-ն հանձնում է սեփականության իրավունքի վկայականը: Մինչ այդ՝ դիմումի հանձնման օրը, գնորդին տրվում է ստացական, որով կարող է վերցնել սեփականության իրավունքի փաստաթուղթը:
Քանի որ ԱԳԿՊԿ-ն արդեն աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին, ապա այդ օրերին ևս հնարավոր է հանձնել դիմումը կամ ստանալ արդեն պատրաստ փաստաթուղթը: Պետք է հաշվի առնել սակայն, որ դիմում հանձնելիս ժամկետները հաշվվում են երկուշաբթի օրվանից:

Առքուվաճառքի գործընթացի ձևակերպման ժամկետներն ու գները Հայաստանում

Առքուվաճառքի գործընթացը տևում է 7-10 աշխատանքային օր: Միասնական տեղեկանքի փաստաթղթի ստացումը՝ դիմումը գրելուց հետո 3-րդ օրը ստանալու դեպքում կարժենա 10300 դրամ: Ցանկության դեպքում հաջորդ օրը ստանալը կարժենա 20.300 դրամ, իսկ անմիջապես նույն օրը ստնալու համար պետք է վճարել 60.300 դրամ: Եթե վավերացման գործընթացն իրականացվում է ԱԳԿԿ-ում, ապա անվճար է, իսկ նորտարական գրասենյակում՝ վճարովի: Սեփականության իրավունքի պետական գրանցումը տրվում է դիմումի ներկայացման 4-րդ օրը՝ արժե 45.600 դրամ, գումարն աճում է ժամկետի կրճատմանը զուգընթաց:

Կարդալ ավելին

Բնակարանների գների էական անկում չի եղել, չկա, ու ըստ ամենայնի` չի լինի

Մարզերում բնակարանների գնային տատանումները խիստ տարբեր են՝ կախված քաղաքից

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում