Հողի շուկան ակտիվ է, գյուղնշանակության հողերի պահանջարկը՝ մեծ

 2020 թ․ հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում իրականացված առքուվաճառքի գործարքների ամենաբարձր տոկոսաչափը՝ մոտ 46%, գրանցվել է հողերի նկատմամբ, և միայն 27.5%-ը՝ բնակարանների։ Ի դեպ, անցյալ տարի այդ համամասնությունը եղել է համարյա հավասարին մոտ՝  39% և 34%, 2018-ին էլ՝ 38,4% և 36.7%:

Հետաքրքիր է, որ մայիսին, երբ ամսվա կեսից երկիրը դուրս եկավ կարանտինից, հողերին բաժին է հասել հանրապետությունում կիրականացված ողջ գործարքների կեսից ավելին՝ մոտ 54% տոկոսը, իսկ հունիսին՝ մոտ 51%-ը։  Սա նշանակում է, որ բնակչությունն ու բիզնեսը հայացքն ուղղում է դեպի մարզեր, կյանքի են կոչվում նոր բիզնես նախագծեր։ Նկատելի է ակտիվություն է գյուղատնտեսության ոլորտում․ ըստ կադաստրի տվյալների  մայիս-հունիս ամիսներին մեծացել է հատկապես գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ պահանջարկը։ Մի հետաքրքիր փաստ ևս․ հունիսին իրավաբանական անձանց (մեծ հաշվով՝ բիզնեսի) կողմից գնված գույքերի համարյա կեսը՝ 49.9%-ը հենց հողերն են, ու հատկապես՝ գյուղատնտեսական նշանակության։

Այսպես, այս տարի մինչև հուլիսի 1-ը մարզերում իրականացվել է հողերի 8550 գործարք, որի կեսից ավելի՝ 4892 միավորը՝ գյուղատնտեսական, և 2843-ը՝ բնակելի կառուցապատման։  Իսկ ահա հունիսին հողերի նկատմամբ իրականացված 1891 գործարքներից 1101 միավորը գյուղատնտեսական նշանակության հողերն են։  Հետաքրքրական է, որ 2018թ 1-ին կիսամյակում իրականացվել է հողերի առքուվաճառքի 7459 գործարք, ու դարձյալ այդ թվի մեջ գերակշիռ մասը՝ 60%-ը կազմել են գյուղնշանակության հողերը (4479 գործարք)։ Մասնագետների գնահատմամբ հողի շուկան, անկախ համավարակից ու նրա տնտեսական հետևանքներից, դեռ կշարունակի ակտիվանալ։ Կառուցապատման ենթակա հողերի մեծացող պահանջարկը կտեղափոխվի Երևանի ծայրամասեր ու կտարածվի մարզեր։ էլ ավելի կմեծանա գյուղնշանակության հողերի պահանջարկը՝ պետական հակահամաճարակային միջոցառումների, սուբսիդարվորվող ծրագրերի ու էժան վարկերի մեծացմանը զուգահեռ։

Կարդալ ավելին

Անշարժ գույքի շուկայում տեղի է ունենում ապակենտրոնացում

Հանրապետությունում հուլիսին ընդհանուր առմամբ նկատվել է գործարքների աճ

Չնայած կանխատեսումներին՝ գործարքների թիվը էականորեն չի պակասել