Անշարժ գույքի շուկայում կայունություն է, իսկ հիփոթեքի շուկայում՝ ակտիվություն

Չնայած Covid19-ի համավարակով, ապրիլ-մայիս ամիսների «լոքդաունով» պայմանավորված վատատեսական կանխատեսումներին, ՀՀ անշարժ գույքի շուկայում ամեն ինչ սպասվածից շատ ավելի կայուն է, հարաբերական հանգիստ ու մի փոքր՝ բնական սպասողական վիճակ։

Ավելին, ըստ Կադաստրի կոմիտեի մայիս-հունիս ամիսների վերլուծության, չկան գործարքների թվի ու գների կատաստրոֆիկ անկումներ. նույնիսկ, շուկայի որոշ հատվածներում նկատելի է աճ: Այսպես, հունիսին հանրապետությունում առքուվաճառքի գործարքների թիվը անցյալ տարվա հունիսի համեմատ նվազել է, ուշադրություն, ընդամենը 1.2%-ով, իսկ գյուղական բնակավայրերում գործարքների թիվը նույնիսկ աճել է՝ 14,9%-ով։ Ակտիվացել է հատկապես հողի շուկան, անցյալ տարվա հունիսի համեմատ հողերի առքուվաճառքի գործարքներն ավելացել են 21%-ով։ Կորոնավիրուսն ու համաճարակը չկասեցրեց անգամ բնակարանների շարունակական գնաճը․ անցյալ տարվա համեմատ հանրապետության մասշտաբով բնակարանների գները հունիսին ոչ միայն չեն նվազել, այլև աճել են 3.7%-ով։

Վերոհիշյալ, անգամ մի քանի տվյալները փաստում են, որ տնտեսական ճգնաժամի ու կոլապսի մասին վատատեսական կանխատեսումները չեն իրականանում։ Սա դեռ պաշտոնական՝ կադաստրի, տվյալների համաձայն․ շուկայի իրական խաղացողների ու վերլուծաբանների գնահատականները շատ ավելի լավատեսական են ու հուսադրող։ Այսպես, «ՌԷԴ Ինվեստ Գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանի կարծիքով՝ «շուկայում կոլապս չկա ու չի կարող լինել այն պարզ պատճառով, որ դրա համար ուղղակի չկան նախադրյալներ»։ Փորձագետի գնահատմամբ՝ բոլոր վատատեսական գնահատականները քաղաքական ենթատեքստ ունեն ու անհիմն են, քանի որ «օբյեկտիվ իրականությունը բոլորովին ուրիշ ազդակներ է տալիս»: Առանձնացնենք այդ ազդակներից մի քանիսը․

  1. Ինչպես համավարակից առաջ, այնպես էլ հետո նորակառույցների ու հիփոթեքի շուկան, եկամտահարկի վերադարձի մասին օրենքով պայմանավորված, շարունակում է մնալ ակտիվ, թեև բանկերը դարձել են ավելի խստապահանջ։
  2. Աննախադեպ աշխուժություն է նկատվում հողի շուկայում․ հանրապետությունում   էականորեն մեծացել է գյուղատնտեսական նշանակության հողերի պահանջարկը։ Նշվածը պայմանավորված է պետության վարած  քաղաքականությամբ, որով խրախուսվում է զբաղվել գյուղատնտեսությամբ, ստեղծելով ինտենսիվ այգիներ, խելացի անասնագոմեր կամ ջերմոցներ։
  3. Ինչպես համավարակից առաջ, այնպես էլ հիմա, շարունակվում են կյանքի կոչվել կառուցապատման նոր նախագծեր, որոնք աստիճանաբար Երևանի Կենտրոն, Արաբկիր, Դավիթաշեն համայնքներից տեղափոխվում են դեպի արվարձաններ ու տարածվում մարզերում։
  4. Պահանջարկի որոշակի ավելացում է նկատվում նաև տնամերձ հողամասերի, առանձնատների, ամառանոցների ու թաունհաուզների նկատմամբ։
  5. Վարձակալական շուկայի սպասվող անկումը մի փոքր նկատվեց միայն ապրիլ- մայիսին՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով։ Այսօր արդեն դա էլ է կարգավորվում։ Վարձակալության գները շարունակում են Երևանի ծայրամասերում մնալ նույնը։ Որոշակի հետընթաց կա միայն Կենտրոնում ու Արաբկիրում՝ տուրիզմի ու սպասարկման ոլորտի անկումով պայմանավորված։ Մասնագետների պնդմամբ զբոսաշրջիկների հոսքի աճի հետ միասին կվերականգնվի նաև այս համայնքների   վարձակալական երբեմնի ակտիվ շուկան։

«Ռեդ գրուպի» տնօրենի գնահատմամբ, ինչպես կորոնավիրուսից առաջ, այնպես էլ հետո կյանքը շարունակում է ընթանալ բնականոն հունով․ անկախ համավարակից, մարդիկ շարունակելու են ամուսնանալ, ընտանիքները՝ ընդլայնվել, և անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը՝ մեծանալ։ «Քովիդը չի կարող ամբողջովին կանգնեցնել կյանքի բնականոն ընթացքը, անշարժ գույքը եղել ու մնում է որպես առաջնային պահանջմունքի ապրանք», ասում է փորձագետը։ Ըստ նրա, անկախ ամեն ինչից, բիզնեսը ևս շարունակելու է առաջ գնալ, որովհետև գործարարները, լինելով ավելի պրագմատիկ ու լավատես մարդիկ, ստեղծված պայմաններում միշտ գտնելու են ելքեր, մտածելու են նոր նախագծերի մասին, ու, ամեն մի թվացյալ կորցրած հնարավորություն դիտարկելու են որպես նոր հնարավորությունների աղբյուր։ Կարանտինն ու հարկադիր արձակուրդը շատ ձեռներեցների համար դարձան մի տեսակ ռեստարտ՝ կյանքը վերարժևորելու, հնարավորությունները գնահատելու, ամեն ինչին ավելի ստեղծագործաբար նայելու իմաստով, մտածելու կատարելագործվելու ու այլընտրանքային լուծումների մասին։ Իսկ այդ ամբողջի անմիջական ազդեցությունը նկատվում է առաջին հերթին անշարժ գույքի շուկայում՝ որպես տնտեսության, ինչ-որ իմաստով, բարոմետր, առաջնային արձագանքող օղակ։

Էդուարդ Ապրիյանի գնահատմամբ, կորոնավիրուսի համաճարակի ներկայիս տեմպերի պահպանման պայմաններում անգամ, անշարժ գույքի շուկայում կշարունակվի բնականոն ընթացքը։ Գնաճը, միգուցե մի փոքր կանգնի, բայց գնանկում, այն էլ՝ մեծ, չի լինի։ Շուկայի որոշակի հետընթաց կնկատվի միայն երկրորդային շուկայում, որն, ի դեպ, անկախ կորոնավիրուսից, արդեն իսկ սկսվել էր ու շարունակվելու էր, քանի որ գնորդների մի հսկայական զանգվածի նախընտրությունը ուղղվել է դեպի առաջնային շուկա՝ նորակառույցների նկատմամբ ավելի մեծ վստահության, կենցաղային պայմանների նկատմամբ բնակչության ավելի բարձր պահանջների ու, իհարկե, եկամտահարկի վերադարձման օրենքով պայմանավորված։

«Թեˊ շուկայի ազդակները, թեˊ մեր դրական տրամադրվածությունը թույլ է տալիս եզրակացնել, որ առնվազն մինչև տարեվերջ պահպանվելու է շուկայի նման իրավիճակը», ընդգծում է Էդուարդ Ապրիյանն ու կոչ անում լավատեսության և նորանոր ծրագրերի։  

Կարդալ ավելին

Բնակարանների պահանջարկ կա ու դեռ լինելու է առաջիկա 3-5 տարում ու առնվազն Երևանում

Ինչպե՞ս գնել սեփական տուն

Հիփոթեքային վարկի ձեվակերպումը Հայաստանում 2019 թ.